ՀայերենРусскийEnglish
Home Legislation NKR Law on Agricultural Census
NKR Law on Agricultural Census

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ


Ընդունված է 2010 թվականի 
նոյեմբերի 25-ին

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք,  արտադրողների  համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների  մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և  օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2 . Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը
1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Գյուղատնտեսական հաշվառման նպատակները 
 Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`
1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, շրջանային և համայնքային կտրվածքով.
2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման  ամբողջական համակարգի ձևավորումը.
3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.
4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:
Հոդված 4. Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում  է տասը տարին մեկ:
2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ոչ ուշ,  քան  գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:
3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և շրջանային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:
5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:
7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը և անցկացումը  պատշաճ կարգով կազմակերպելու համար:
Հոդված 5. Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները և նրանց պարտականությունները
1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:
Հոդված 6. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները և նրանց պարտականությունները
Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`
1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.
3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:
Հոդված 7. Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը
1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման  մասին օրենսդրությունը  խախտելու համար
1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման  լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման  սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
3. Գյուղատնտեսական հաշվառման  հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
16 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-51-Ն