ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն
ԱՎԾ-ի մասին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ 
     Արցախի Հանրապետության վիճակագրական համակարգն ամբողջովին կենտրոնացված է և ֆինանսավորվում է պետական բյուջեից: 
Արցախի վիճակագրական ծառայության հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար:
Արցախի վիճակագրական համակարգը բաղկացած է կենտրոնական ապարատից և վիճակագրության 4 տարածքային ստորաբաժանումներից:

     Անվանումը` Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն:

     Բարձրագույն մարմինը` Վիճակագրության պետական խորհուրդ:
     Ղեկավարը` ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է խորհրդի նախագահը:
     Ղեկավարը և խորհրդի մնացած 4 անդամները նշանակվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով` 6 տարի ժամկետով:


ԴԻՐՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 
     Վարչական դիրքը. ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից: Այն պատասխանատու է վիճակագրական աշխատանքների ծրագրի շրջանակում սպառողներին վիճակագրական տեղեկատվության տրամադրման համար: Վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատվում է օրենքով, իսկ դրա շրջանակում տարեկասն ծրագրերը` Վիճակագրության պետական խորհրդի կողմից և ֆինանսավորվում` պետական բյուջեից: ԱՀ ազգային վիճակագրական ծառայության կառավարման բարձրագույն մարմինը 5 անդամից բաղկացած Վիճակագրության պետական խորհուրդն է, որն իրավասու է ընդունելու վիճակագրության բնագավառին առնչվող նորմատիվ բնույթի իրավական ուժ ունեցող ակտեր:


ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
     Լեռնային Ղարաբաղի պաշտոնական վիճակագրությունը ձևավորվել է 1924թ. մայիսի 15-ին: Առաջին վիճակագրական մարմինը կոչվել է ԼՂԻՄ կենտրոնական վիճակագրական բյուրո (ԿՎԲ):
     1930թ. հուլիսի 14-ին ԼՂԻՄ ԿՎԲ-ն վերանվանվել է ԼՂԻՄ մարզպլաանին առընթեր տնտեսագիտական վիճակագրության բաժին:
     1932թ. ԼՂԻՄ մարզպլանին առընթեր տնտեսագիտական վիճակագրության բաժինը վերակազմավորվել է ԼՂԻՄ մարզային ժողովրդատնտեսական հաշվառման վարչության:
     1941թ. ԼՂԻՄ մարզային ժողովրդատնտեսական հաշվառման վարչությունը վերակազմավորվել է ԼՂԻՄ մարզային վիճակագրական վարչության:
     1987թ. ԼՂԻՄ մարզային վիճակագրական վարչությունը վերակազմավորվել է ԼՂԻՄ վիճակագրության վարչության:
     1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից հետո 1992թ. հունվարի 1-ից ԼՂԻՄ վիճակագրական վարչությունը վերակազմավորվել է ԼՂՀ վիճակագրության պետական վարչության:
     1995թ. ԼՂՀ վիճակագրության պետական վարչությունը վերակազմավորվել է ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության:
     Լեռնային Ղարաբաղի վիճակագրության պատմության մեջ ինստիտուցիոնալ առումով էական փոփոխություն էր 2002թ. հունիսի 3-ից ուժի մեջ մտած ՚Պետական վիճակագրության մասին՚ ԼՂՀ նոր օրենքի հիման վրա ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վերակազմավորումը ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) :


ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 
     -  վիճակագրական տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում, վերլուծում և հրապարակում,
     -  համագործակցություն համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ,
     -  վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության մշակում,
     -   տեղեկատվության և տվյալների հավաքագրման համակարգում` միջազգային ստանդարտների վրա հիմնված համընդհանուր դասակարգման և կոդավորման համակարգի համապատասխան,
     -  վիճակագրական հետազոտությունների կազմակերպում,
     -  մարդահամարների անցկացում 10 տարին մեկ,
     -  բիզնես-ռեգիստրի ստեղծում, վարում և արդիականացում,
     -  սպառողներին վիճակագրական տեղեկատվության տրամադրում,
     -  ամփոփ վիճակագրական տեղեկատվության թափանցիկության և մատչելիության ապահովում,
     -  համագործակցություն միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ: